Feeds:
Posts
Comments

Խորհուրդներ՝ երեխային կերակրելու համար

  • Նախապես պատրաստեք երեխայի համար կերակուրն ու նախուտեստները. երեխաները սիրում են ռեժիմով ուտել,
  • Երեխաները սիրում են ընտանիքի հետ ուտել, և հատկապես՝ սիրում են ուտել այն, ինչ մեծերն են ուտում: Դարձե՛ք երեխայի համար օրինակի լավ աղբյուր,
  • Երեխայի ախորժակը դարձրեք Ձեզ համար ուղեցույց. նրա ախորժակը կարող է օր օրի փոխվել: Մի՛ ստիպեք երեխային ուտել այն, ինչ նախատեսել եք,
  • Հիմնական կերակուրները տալուց առաջ նախատեսեք առողջ նախուտեստներ,
  • Երեխային կերակրելիս անջատեք հեռուստացույցը,
  • Երեխայի ճաշակը արագ է փոխվում. սնունդը, որը ժամանակին երեխան մերժում էր, կարող է ավելի ուշ շատ հեշտ ընդունել,
  • Երեխային առաջարկեք գունեղ, մանկական դիզայնով կերակուրներ,
  • Մյուս կողմից, երեխան կարող է օրեր շարունակ ցանկանալ ուտել նույն բանը. այս դեպքում ևս մի անհանգստացեք, դա նորմալ է այս տարիքում,
  • Երեխաների համար հաճելի և զվարճալի է՝ օգնել մայրիկին պատրաստել կերակուրը կամ նախուտեստը. նրան մասնակից դարձրեք այդ գործընթացում, և նա էլ ավելի հաճույքով կուտի կերակուրները,
  • Ակտիվ խաղերն ու վարժությունները խրախուսեք ամեն օր. դրանք օգնում են երեպային առողջ մեծանալ:

images

Մենյուի օրինակ /ամերիկյան/

Նախաճաշ

3/4 բաժակ քիչ յուղայնությամբ կաթ
1/2 բաժակ հացահատիկի շիլա
1/4 բաժակ հատապտուղներ

Նախուտեստ

1/2 բաժակ նարնջի հյութ
2 – 3 հատ պեչենի

Լանչ

1/2 հնդկահավով սենդվիչ /սպիտակ հացով/
1 թեյի գդ. մայոնեզ
1 տերև հազար
1/4 բաժակ մանկական գազար
1/2-1 փոքրիկ բանան
1/2 բաժակ քիչ յուղայնությամբ կաթ

Նախուտեստ

1/2 բաժակ մրգային յոգուրտ
1/4 բաժակ գրանոլա
1/2 բաժակ ջուր

Ճաշ

60 գրամ հավ /ջեռուցում/
1/4 -1/2 բաժակ կանաչ լոբի
1/4 -1/2 բաժակ քերած կարտոֆիլ /կարմիր մաշկով կարտոֆիլ/
1 ամբողջական փոքրիկ ցորենի հաց
1 թեյի գդալ մարգարին
1/2 բաժակ քիչ յուղայնությամբ կաթ

Նախուտեստ

1/2 կիսած խնձոր
1 թեյի գդալ գետնանուշի կարագ

Նյութի աղբյուր՝ http://www.cnpp.usda.gov/mypyramidforkids.htm

Ուշադրությու՜ն, 2013 թ.ի փետրվարի մեկից մեկնարկում է Ծնողավարական դասընթացների նոր շարքը: Ցանկացողները կարող են իրենց CV-ները ուղարկել lianmkrtchyan@yahoo.com հասցեին:

photo0526

Դասընթացավար

 

Դասընթացի թեմա

Սահակյան Անահիտ,

Նահապետյան Էֆրոսիա,

Մկրտչյան Լիանա

Խմբի ձևավորում,

դասընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության

տրամադրում դասընթացավարների կողմից

Նահապետյան Էֆրոսիա

 

/Ք. Երևան, 8-րդ պոլիկլինիկայի Գինեկոլոգիայի բաժնի վարիչ, բժիշկ-գինեկոլոգ/

Ամուսնություն և առաջին սեռական հարաբերություններՄինչ հղիության խնամք և նախապատրաստում հղիությանըՀղիության խնամքը հղիության առաջին եռամսյակում

Հղիության խնամքը հղիության երկրորդ եռամսյակում

Հղիության խնամքը հղիության երրորդ եռամսյակում

Նախապատրաստում ծննդաբերությանը`

որպես ֆիզիկական գործընթացի. ընտանիքի պլանավորում

Գրիգորյան Գայանե

/Ք. Երևան 8-րդ պոլիկլինիկա, մանկաբույժ/

Երեխայի խնամքԲնական սնուցումԻմունիզացիայի ազգային օրացույց

Երեխաների մոտ հաճախ հանդիպող սուր վիճակներ

Մկրտչյան Լիանա

/ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատող/

Ծնողավարության առանձնահատկությունները. սեփական փորձ

Ոսկանյան Աննա

/ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիալական աշխատող/

Ծնողավարության հիմնական սկզբունքներըԵրեխաների ծննդյան հաջորդականությունը և բնավորության առանձնահատկություններըԾնողական սցենարներ և հարաբերությունների տրասակտային վերլուծությունԵրեխածնող հարաբերությունները. պատիժ և խրախուսանք

Սահակյան Անահիտ

/ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, դասախոս, հոգեբան, ՀԳԹ/

Երեխայի տարիքային զարգացման առանձնահատկություններըԵրեխայի նևրոզները Երեխայի տարիքային վախերը և հաղթահարման միջոցները

Գևորգյան Մարիամ

/<<Սոնա>> գեղեցկության սրահի դիմահարդար/

Հղի կնոջ մաշկի խնամքը

Նալբանդյան Գառնիկ

ՀՀ ԱՍՀՆ ԱԻ փոխտնօրեն, իրավաբան

Հղի կնոջ իրավունքները

Տվեք ինձ ուսյալ մայրեր և ես ձեզ կտամ հզոր հայրենիք:
Նժդեհ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ կազմակերպում է ԱՆՎՃԱՐ դասընթացների շարք` նվիրված ծնողավարման հմտությունների զարգացմանը և հղիության, ապագա երեխայի և մայրության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը:
Կենտրոնը կիրականացնի հղի կանանց համար անհատական խորհրդատվություն /ըստ անհրաժեշտության նաև թերապիա/, խմբային ուսուցման միջոցով կբարձրացնի հղի կանանց իրազեկվածությունը, կզարգացնի ապագա մայրերի երեխայի խնամքի իրականացման և հարաբերությունների կառուցման կարողություններն ու հմտությունները, կուսուցանի ներընտանեկան հարաբերությունների կոնֆլիկտների կանխարգելման և հաղթահարման եղանակները, կձևավորվեն նաև ինքնօգնող խմբեր: 
Խմբի կազմը՝ Յուրաքանչյուր խումբ կներառի տասնհինգ/կամ քսան հղի կին:
Հանդիպումների քանակը՝ Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է ութ-տասը հանդիպում:
Հանդիպումների հաճախականությունը՝ Հանդիպումները տեղի կունենան շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:

Մասնագիտական խումբը՝ ծրագրի ղեկավար, համակարգող, սոցիալական աշխատող, գինեկոլոգ, մանկաբույժ. իրավաբան, մյուս մասնագետները կհրավիրվեն ըստ անհրաժեշտության:
Մանրամասների համար գրել Lianmkrtchyan@yahoo.com էլ. հասցեին:

Հարգելի’ ընկերներ,
արդեն 1 տարուց ավելի է, ինչ գործում է հայրության բլոգը` https://hayrutyun.wordpress.com/, որը նվիրված է հայրության թեմայի քննարկմանը:

Բլորգում կարող եք գտնել բազմաթիվ հոդվածներ և լուսանկարներ, որտեղ ներկայացած լուսանկարները վերցված են ինտերնետից:

Այժմ փորձ է արվում բոլոր այդ լուսանկարները փոխարինել տեղական լուսանկարներով, որոնց հերոսները կլինեն հայ փոքրիկներ և հայրեր:

Այսպիսով, եթե ունեք այդպիսիք և դեմ չեք, եթե դրանք տեղադրվեն բլոգում, ապա խնդրում ենք այդ լուսանկարներն ուղարկել hayrutyanblog@yahoo.com էլեկտրոնային հասցեին:

Շնորհակալություն

1. Պարգևատրե՛ք երեխաներին.  եթե երեխան  որևէ լավ բան է արել, գովե՛ք կամ առավելություններ տվե՛ք նրան: Շեշտադրե՛ք հատկապես նրանց կողմից արված լավ բաները, այլ ոչ թե վատը:       

2. Լուրջ վերաբերվե՛ք նրանց գաղափարներին, էմոցիաներին ու զգացմունքներին: Մի՛ թերագնահատեք` նրանց ասելով «Դուք կհասունանաք դեռ», «Այդքան էլ վատ չի, որքան դու ես կարծում»:   

3. Հստակ կանոններ և սահմանափակումներ սահմանե՛ք և հետևե՛ք դրանց: Բայց նաև  ազատություն տվե՛ք այդ սահմանափակումների հետ մեկտեղ: 

4.Լավ օրինակ ծառայե՛ք:  Ցույց տվե՛ք, որ դուք լավ եք զգում Ձեզ: Միևնույն ժամանակ ցույց տվե՛ք, որ դուք սովորում եք իրենցից և դուք էլ կարող եք սխալվել: 

5. Սովորեցրե՛ք երեխաներին` ինչպես վարվել գումարի և ժամանակի հետ: Օգնե՛ք նրանց խելացիորեն ծախսել ժամանակը և զգուշորեն կառավարել իրենց բյուջեն: 

6.Պատճառաբանված սպասելիքներ ունեցե՛ք Ձեր երեխաներից: Օգնե՛ք նրանց իրենց համար մշակել իրականանալի նպատակներ: 

7. Սովորեցրե՛ք Ձեր երեխաներին զինվել համբերությամբ տարբեր արժեքներ և նորմեր ունեցող  երեխաների հանդեպ:  Մատնանշե՛ք մարդկանց ուժեղ կողմերը:  

8. Թույլ տվե՛ք, որ պատասխանատվություն կրեն իրենց արած քայլերի համար: Նրանք իրենց օգտակար և արժևորված կզգան:

9. Եղե՛ք հասանելի. աջակցե՛ք, երբ նրանք ունեն  դրա կարիքը: 

10. Ցույց տվե՛ք, որ այն, ինչ նրանք անում են, շատ կարևոր է Ձեզ համար: Խոսե՛ք նրանց հետ իրենց հետաքրքրությունների և գործողությունների մասին: Մասնակցե՛ք դպրոցում նրանց կողմից պատրաստված խաղերին, ներկայացումներին, երեկոներին և  այլն: 

11.Արտահայտե՛ք Ձեր արժեքները, բայց միևնույն ժամանակ  պնդեք հետևյալը. «արա սա…»  կամ «ես ուզում եմ, որ դու սա անես…»: Նկարագրե՛ք  Ձեր արժեքները,  այն որոշումները որ դուք կայացնում եք` ունենալով  որոշակի հավատք և պատճառներ Ձեր զգացմունքներից զատ:  

12. Ժամանակ անցկացրե՛ք միասին: Իրականացրե՛ք միասին որոշակի գործողություններ: 

13. Քննարկե՛ք խնդիրները` առանց մեղադրելու նրանց  կամ  երեխայի բնավորության վերաբերյալ մեկնաբանություններ անելու:   

 14. Օգտագործե՛ք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «Շնորհակալություն քո օգնության համար», «Հրաշալի գաղափար էր»: Այսպիսի արտահայտությունները  կբարձրացնեն  նրանց ինքնահարգանքը:  Խուսափե՛ք այնպիսի արտահատություններից, որոնք  կվիրավորեն նրանց  ինքնասիրությունը «Ինչու՞ ես դու այդքան հիմար», «Քանի՞ անգամ դեռ ես պիտի քեզ ասեմ» և այլն:

15.Ցույց տվե՛ք, թե որքան մտահոգված եք իր համար:  Գրկե՛ք նրան: Ասացե՛ք, որ նա յուրահատուկ է, և դուք սիրում եք նրան:  

  

Դիտե’ք…առանց մեկնաբանությունների…

Ամբողջ աշխարհում արդեն ընդունված է, որ հայրերը ևս կարող են դեկրետ վերցնել և խնամել երեխային, մինչդեռ Հայաստանում նմանատիպ փորձի մասին դեռևս չենք կարող խոսել: Նախորդ հոդվածում արդեն անդրադարձել ենք նրան, թե ինչ է իրենից ներկայացնում հայրական դեկրետը, իսկ այժմ քննարկենք դրա առավելություններն ու թերությունները:

Առավելությունները.

Ֆինանսական.

  • Եթե մոր աշխատավարձը զգալիորեն բարձր է հոր աշխատավարձից, ապա ճիշտ կլինի, որ դեկրետի գնա հայրը. սա շատ լավ տարբերակ է՝ տնտեսելու ընտանեկան բյուջեն,
  • Եթե հոր հմտություններն ու կարողությունները թույլ են տալիս նրան աշխատել տանը՝ առանց աշխատանքային գրասենյակ գնալու, ապա հայրական դեկրետը դառնում է թե՛ հաճելի, թե՛ օգտակար: Իսկ տնային զբաղմունքների շարքում կարող են լինել հետևյալ զբաղմունքները՝ կատարել թարգմանություններ, գրել հոդվածներ, իրականացնել մասնավոր պարապմունքներ, զբաղվել դիզայներական աշխատանքով և այլն:

Ընտանեկան.

  • Ինչպես նշում են հոգեբանները, երեխայի ծննդից հետո ընտանիքում փոխհարաբերությունները փոխվում են դեպի լավը. նույնիսկ եթե մինչ երեխայի ծնունդը, ամուսնական փոխհարաբերությունները զգայուն և ամուր են, միևնույնն է՝ երեխայի ծննդից հետո ամենաառաջնայինը համարվում է երեխան, որն էլ ավելի է ջերմացնում փոխհարաբերություններն ամուսինների միջև: Այս դեպքում ամուսինը պատրաստակամություն կարող է հայտնել կիսելու կնոջ հոգսերը, որը կարող է արտահայտվել դեկրետ վերցնելու տեսքով:
  • Դաստիարակելով և անձամբ խնամելով երեխային՝ հայրը աճում է նաև հոգեպես շատ ավելի արագ, քան ցանկացած այլ պարագայում:
  • Հոր մոտ ստեղծվում է հիանալի հնարավորություն՝ կապ ստեղծելու երեխայի հետ ծնված պահից սկսած, ինչպես նաև՝ ուղղակի մասնակցություն ցուցաբերել նրա անհատականության կերտման գործընթացում:
  • Հայրերը, ովքեր զբաղվում են երեխայի անմիջական խնամքով, խանդով չեն վերաբերվում այն փաստին, որ ժամանակ չունեն երեխաներով զբաղվելու, այլ կենտրոնանում են այն բանի վրա, որ լինեն ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՈՐ ԿԵՐՊԱՐԸ երեխայի համար:

Երեխաների համար

  • Երբ հայրը դեկրետ է վերցնում, երեխաների դաստիարակությամբ երկու ծնողներն են զբաղվում, մինչդեռ հակառակ պարագայում երեխաների հիմնական խնամքը հոգում են մայրերը: Երբ հայրը ավելի շատ ժամանակ է տրամադրում երեխային, հավանականությունը մեծանում է, որ երեխան հետաքրքրությամբ և բազմակողմանիորեն կուսումնասիրի աշխարհը:

Տե՛ս  նաև`           https://hayrutyun.wordpress.com/2011/11/24/%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%A1

Թերությունները
Հայրերի համար.

  • Եթե հոր տնային աշխատանքն այնպիսին է, որը պահանջում է մտքերի մշտական կենտրոնացում, ապա դեկրետ վերցնելուց առաջ լավ կլինի երկար մտածել, քանի որ երեխայի խնամքը ազատ ժամանակ գրեթե չի թողնում, ավելին՝ երեխան պահանջում է բացարձակ կենտրոնացում իր վրա:
  • Հավանականություն կա կորցնելու մասնագիտական հմտությունները. մոտ 6 ամիս շարունակ երեխայի խնամքով զբաղվելը հնարավոր է ամբողջովին հորը կտրի իր աշխատանքային ոլորտից: Այս կետը նաև ակտուալ է կանանց դեպքում:
  • Երբ հայրը դեկրետ է վերցնում, հնարավորությունը մեծանում է /հատկապես՝ Հայաստանի պայմաններում/, որ հասարակության աչքում նա կդառնա մեկը, ով ՛՛քայլում է կնոջ կրունկների տակ՛՛ կամ այլ կերպ ասած՝ подкаблучник է: Հայաստանում հատկապես ավելի խորքային են գենդերային կարծրատիպերը. երեխայի խնամքով զբաղվում է մայրը, իսկ հայրը պետք է աշխատի և գումար վաստակի: Այնպես որ, դեկրետ վերցնելուց առաջ երկար մտածեք. քննարկեք առավելություններն ու թերությունները, հաշվի առեք նաև հասարակության դիրքորոշումը:

 

Թեեւ Հայաստանում երեխայի խնամքի համար, ըստ օրենքի, արձակուրդ կարող է վերցնել ինչպես մայրը, այնպես էլ հայրը, բայց մեզանում նման դեպքեր գրեթե չեն գրանցվում: Պետք է նշել, որ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդն ընդգրկում է 140 օր, ընդ որում` 70 օրը երեխայի ծննդից առաջ, 70 օրը` ծննդից հետո:

Ինչպես նշում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը,  նախածննդյան արձակուրդը բնականաբար մորն է հասնում, իսկ հետծննդյանը նրան, ով խնամում է երեխային: Երկուսը միաժամանակ չեն կարող գնալ արձակուրդ՝ կա՛մ մայրը պետք է գնա, կա՛մ հայրը: Հայրը կարող է արձակուրդ գնալ երեխայի ծնվելուց հետո` մինչեւ նրա երկու տարեկան դառնալը: Մինչև երեխայի 2 տարեկան դառնալը երեխայի խնամքի համար աշխատատեղից ծնողին տալիս են արձակուրդ եւ ամսեկան 18 հազար դրամ գումար: ԱԺ պատգամավորի խոսքով` այդ արձակուրդը կարող է ավելանալ` կախված, թե ինչպես է անցնում ծննդաբերությունը, քանի երեխա կա ընտանիքում եւ այլ հանգամանքներից:

Ըստ Հակոբ Հակոբյանի, հայրերի կողմից երեխային խնամելու համար արձակուրդի դեպքեր չեն գրանցվում, բայց եթե անգամ նման հազվադեպ դեպքեր գրանցվեն էլ, ապա հնարավոր չէ դա իմանալ, քանի որ չկա համապատասխան վիճակագրություն:

Նշենք, որ երեխային խնամելու համար հայրերին արձակուրդ հատկացնելու պրակտիկան ի հայտ է եկել Շվեդիայում 1974թ: Դրանք համարվում են այն ամիսները, երբ հայրն է զբաղվում երեխայի խնամքով: Այժմ ծնողներից յուրաքանչյուրը պետք է արձակուրդում լինի առնվազն երկու ամիս: Կարող է լինել նաեւ ավելի շատ, բայց յուրաքանչյուրը պետք է երեխային նվիրի իր ողջ ժամանակը հենց երկու ամիս:

Եթե ընտանիքի հայրը չի ցանկանում ստանձնել երեխայի խնամքը, ապա այդ երկու ամիսների ընթացքում ընտանիքը չի ստանում սուբսիդիա: Միջին հաշվով` շվեդացի հայրը երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվում է չորս ամիս, Մեծ Բրիտանիայում հայրը կարող է արձակուրդ վերցնել կես տարով, իսկ Իռլանդիայում երեխայի խնամքի համար արձակուրդը բաժանվում է այսպես. երեք ամիս յուրաքանչյուր ծնողին եւ եւս երեք ամիս` ըստ ընտրության: Գերմանիայում 14 ամսանոց վճարովի արձակուրդից  երկուսի համար վճարում են հորը:

Աղբյուրը՝ http://www.news.am


Հարգելի՛ ընկերներ, բարեկամներ,
11 տարեկան Մանե Միհրանյանի բուժման նպատակով իրականացնում ենք դրամահավաք և ակնկալում սրտացավ մարդկանց աջակցությունը:
13.06.2011թ-ին կերակրափողի ախալազիա ախտորոշմամբ Մանեն տեղափոխվել է կլինիկա, և վիճակը գնահատվել է միջին ծանրության: Այնուհետև նշանակվել է վիրահատություն, որին ընդհանուր անզգայացման տակ նախորդել է բալոնային բիլոտացիա՝ 4 անգամ:
Մանեն ունի կլլման ակտի դժվարություններ, չի կարողանում մարսել, որի հետևանքով սննդազրկվում է և հյուծվում:
Հայաստանի պայմաններում երեխան չի կարող բուժման կուրս անցնել: Մանեի ծնողները կապվել են Մոսկվայի կլինիկաներից մեկի հետ (Детская городская клиническая больница № 13 им. Н.Ф. Филатова), որի բժիշկ-պրոֆեսոր Ա. Ռազումովսկին հանձն է առել իրականացնել վիրահատությունը և երաշխավորում է, որ երեխայի առողջական խնդիրները այդպիսով լուծում կստանան:
Վիրահատության եւ հետագա դեղամիջոցների համար անհրաժեշտ գումարը կազմում է մոտ 7000 դոլլար, որից ծնողները կարողացել են հայթայթել ընդամենը 2000 դոլլարը:
Հարգելի՛ բարեկամներ, հայցում ենք բոլորիդ աջակցությունը: Յուրաքանչյուրիս փոքրիկ աջակցությունը կնպաստի Մանեի առողջական խնդիրների լուծմանը և երեխային վայել մանկություն ունենալը:

Հաշվեհամարը՝ 16007049340100 ՎՏԲ բանկ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Արսենին /Մանեի հայրը/՝
093 85 66 67

Ընտանիքին և մասնավորապես` ծնողավարությանն առնչվող հետազոտություններն ավանդականորեն կենտրոնացել են մայրերի վրա, իսկ հայրերին ուղղված ուսումնասիրություններ իրականացվում են միայն վերջին երեք տասնամյակներում:

1990-ականներին ԱՄՆ-ում «Հայրության նախաձեռնություն» կազմակերպության շնորհիվ հայրության թեման հայտնվեց քաղաքական կիզակետում և հետագայում լայնորեն ճանաչում գտավ: Չնայած գնալով սկսեցին շատանալ հայրությանն ուղղված ուսումնասիրություններն ու հետազոտությունները, այնուամենայնիվ հակառակ պնդումները ևս առկա էին, ըստ որի` հարկ չկա հայրերին քննարկել ծնողավարության համատեքստում:

Այսպիսով, արդեն աշխարհում տենդենց է նկատվում ուսումնասիրել հայրության առանձնահատկությունները, աշխատել հայրերի հետ` ծնողավարական հմտությունները զարգացնելու համար: Մինչդեռ Հայաստանում պատկերն այլ է. քայլեր նկատվում են մայրերի հետ աշխատանք տանելու առումով, իսկ հայրության մասին խոսակցություններ առհասարակ չկան:  Ոչ մի կազմակերպություն, կենտրոն, ծրագիր կամ նախաձեռնություն չկա, որը նվիրված կլինի հայրության թեմային, իսկ մայրերին, մայրությանը, հղիությանը նվիրված տարբեր դասընթացներ են կազմակերպվում, տարվում անհատական խորհրդատվություններ բազմաթիվ այնպիսի կենտրոններում, կազմակերպություններում, ինչպիսիք են` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, Կանանց իրավունքների կենտրոնը, Կանանց ռեսուրսային կենտրոնը, Հայաստանի մայրության ֆոնդը, Հայաստանի մայրության կենտրոնը, «Մայրություն»  հասարակական կազմակերպությունը, Մոր և Մանկան խորհրդատվական կենտրոնը,  և այլն: Բացի նշվածներից, գործում են նաև մի շարք ինտերնետային կայքեր, որոնք ևս կենտրոնանում են բացառապես մոր դերի, մայրության առանձնահատկությունների, մոր ծնողավարության անհրաժեշտության վրա:

 Այսպիսով, Հայաստանում բացակայում է նույնիսկ եզակի մի կառույց, որը կզբաղվի հայրերի ծնողավարության, դրա անհրաժեշտության, առանձնահատկությունների, հայրերից պահանջվող հմտությունների մասին, և անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել Հայաստանում հայրերի ծնողավարության առանձնահատկությունները, դրանց ընկալումը հասարակության կողմից:

Եկե’ք պարզենք, թե ըստ հայերի, ով է հայրը և ինչպիսի՞ն պետք է նա լինի:

Հ.Գ. Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք: